Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Նրա խոսքով՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային։ Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, որոնք հետևյալն են.
Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով:
Փաշինյանը վերահաստատել է այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը: