Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին, Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը պատմել է խաղաղության երկու կարևոր սկզբունքների մասին, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։
«Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29․800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86,600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն»,- նշել է Փաշինյանը:
Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
«Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»,- ասել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին կստորագրվի խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:
«Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։