2024թ․ կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ, որի 42%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին, գալիք տարվա բյուջեի քնարկումների ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Պաշտպանության նախարարության ծախսերը, ըստ նախարարի, կազմելու են 555 մլրդ դրամ, 7%-ով ավելի, քան 2023թ․։
Բացի դրանից, սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, որը 16 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։ Ըստ նախարարի՝ նշանակալի են կրթության ոլորտին հատկացվող ծախսերը․ գալիք տարում այն կազմելու է 289 մլրդ դրամ, որը 39%-ով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։
Հովհաննիսյանի խոսքով՝ ոլորտում ամենամեծը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրն է։ Ֆինանսների նախարարը նշել է, որ 2023թ․ արտահանումը աճել է 48․4%-ով, որտեղ մեծ տեղ ունի դեպի ՌԴ արտահանումը։
Կա նաև զբոսաշրջիկների թվի ավելացում՝ 48․8%-ով։ «ՌԴ-ից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 64․3%-ով։ Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը հասել է 1 մլն 800 հազարի, ՌԴ-ից՝ 945 հազար է, այլ երկրներից՝ 905 հազար»,- ասել է նա։
Նախարարը հայտնել է, որ ակնկալում են, որ 2024թ․ ընդունել 2 մլն 570 հազար զբոսաշրջիկ։
Անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշին՝ Հովհաննսիյանն ասել է, որ 2023թ․ կապահովվի առնվազն 7․2% տնտեսական աճ, հաջորդ տարվա համար 7% ցուցանիշ են թիրախավորում։ Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը կմնան ծառայությունները, իսկ ծախսային բաղադրիչներից՝ սպառումը։