Այս տարվա համար տնտեսական աճը կլինի 7%-ի շրջանակներում, իսկ մյուս տարի կնվազի՝ հասնելով 5,6%, գալիք տարվա բյուջեի քնարկումների ժամանակ այսպիսի կանխատեսում է արել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Խոսելով տնտեսական աճի հետ կախված մտավախությունների մասին, նա նշել է, որ կապիտալ ծախսերը կարող են լինել թերակատարման մեջ։ Մտավախություններից մեկն էլ այն է, որ 2024թ․ ստիպված են լինելու իրականացնել ավելի մեծ թվով ընթացիկ ծախսեր։
«Եթե կապիտալ ծախսերը մատնանշված ծավալով չարեցինք, բայց ավելացրինք ընթացիկ ծախսերը, դա բերելու է պահանջարկով պայմանավորված տնտեսական աճի, ունենալու ենք գնաճ»,- ասել է Գալստյանը՝ հույս հայտնելով, որ այդ սցենարով չեն շարժվի։
Այս պահի դրությամբ, նրա խոսքով, Հայաստանում կա 0․1 % գնաճ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2024թ․ բյուջեի քննարկումների ժամանակ նշել է, որ գալիք տարվա համար 7% տնտեսական աճի ցուցանիշ են թիրախավորում։