ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 28-ին Մալթայում։
Երմակը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։
Նշվում է, որ կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և էներգետիկայի ոլորտում։
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված կողմերի հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Երմակը «բարձր է գնահատել Հայաստանի անդամակցությունը ուկրաինական խաղաղության բանաձևին աջակցող պետությունների շրջանակին»։ Բացի այդ, նա Արմեն Գրիգորյանին տեղեկացրել է «ռազմաճակատում տիրող իրավիճակի» մասին, կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ։
2022 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել էր Կիևի պայմանները՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ 10 կետից բաղկացած պլանը, մասնավորապես, ներառում էր Ուկրաինայի «տարածքային ամբողջականության վերականգնման», ինչպես նաև ռուսական զորքերի դուրսբերման և ռազմական գործողությունների դադարեցման պահանջ։