ՀՀ-ն ՌԴ-ին Հռոմի ստատուտը, ըստ էության, շրջանցող միջպետակական համաձայնագիր կնքելու առաջարկ է արել։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամիսներ առաջ ԱԳՆ խողովակներով ՌԴ-ին առաջարկել են կնքել երկկողմ միջպետակական համաձայնագիր, որը բացառում է Միջազգային քրեական դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։
«Նման առաջարկ ենք արել, որպեսզի մեր միջպետական հարաբերությունները միջազգային քննության առարկա չլինեն։ Այսինքն, իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայնագիր, որը բացառում է Միջազգային քրեական դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում»,-հայտարարել է Արշակյանը։
ԱԺ փոխխոսնակը նշել է, որ առաջարկի վերաբերյալ ՌԴ-ից դեռ արձագանք չեն ստացել, բայց դեռ ժամանակ կա։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահն ստորագրել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը կանոնադրության վավերացումն անվանել էր «ոչ բարեկամական քայլ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ․ ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Մոսկվան Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։
Սեպտեմբերի 28-ին Կիրակոսյանն ասել էր, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ստորագրել համաձայնագիր՝ հիմնվելով Խարտիայի 98-րդ հոդվածի 2-րդ մասի վրա՝ կանոնադրության շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Նրա խոսքով՝ երկար ամիսներ շարունակ բանակցություններ են վարվել ռուս գործընկերների հետ՝ կապված Հայաստանի մտադրությունների հետ՝ վավերացնել կանոնադրությունը։