ԱՄՆ-ն ծրագրում է Իսրայելին մատակարարել 320 միլիոն դոլար արժողությամբ ճշգրիտ ռումբեր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ խոսքը իսրայելական «Rafael» ընկերության կողմից մշակված «Spice» ընտանիքի սահող կառավարվող ռումբերի մասին է։ Պայմանագրի համաձայն՝ այս կոնցեռնի դուստր ձեռնարկությունը՝ «Rafael USA», զենք կփոխանցի իր գլխավոր գրասենյակ։
Թերթի տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմը ծանուցում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին, որ պատրաստվում է այն տեղափոխել Թել Ավիվ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։