ԱԳ փոխնախարարը Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բաքվի՝ «8 գյուղեր վերադարձնելու» ՀՀ-ին ուղղված պահանջին, սահմանագծման հարցերով նոր նիստի հրավիրմանը:
«Կա ընկալում, որ դելիմիացիայի հետ կապված խնդիրները, իսկ դա ըստ էության դելիմիտացիայի հետ կապ ունեցող խնդիր է, հենց դելիմիտացիայի հանձնաժողովներում պետք է քննարկվեն»,- ասել է նա:
Կոստանյանն ավելացրել է, որ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի վերջին նիստն ամիսներ առաջ է կայացել, իսկ նոր նիստի անցկացման ժամկետներ այս պահին հայտնի չեն:
«Այս պահին նոր նիստի անցկացման ժամկետներ չկան»,-Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտնել է Կոստանյանը։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք»։
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 7-ին Բաքուն հայտարարել է, որ Հայաստանը «դեռ չի վերադարձրել 8 գյուղ Ադրբեջանին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, այսպես կոչված, հաղթանակի տոնի կապակցությամբ իր հայտարարության մեջ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղերն անվանել է «օկուպացված»։