Իսրայելական ընկերությունը վերսկսել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում շենքերի ապօրինի քանդումը, հայտնում է լրագրող Գեղամ Բալյանը՝ պարզաբանելով, որ քանդված պատը գտնվում է Հայկական հոգևոր ճեմարանի հարևանությամբ՝ հայերի բնակելի շենքերի կողքին։
«XANA Capital-ը՝ Ջորջ Ուորվարի գլխավորությամբ, նախաձեռնել է չարտոնված շինարարական աշխատանքներ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Կովերի այգի անունով վիճելի հողում, որը գտնվում է հայկական թաղամասում»,- գրել է Բալյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նա ասել է, որ իսրայելական ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ներկայումս գնահատում է իրավիճակը:
Բալյանը հիշեցրել է, որ XANA Capital-ի կողմից ինքնակամ շինարարության առաջին փորձը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 26-ին, իսկ նոյեմբերի 2-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը սկսել է վիճահարույց վարձակալության պայմանագրի չեղարկման գործընթացը։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել է, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել է: