Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ն էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում հիմք է ընդունվելու 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ այդմ՝ տվյալ տրանսպորտային միջոցը պետք է ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված լինի Լեռնային Ղարաբաղում, լինի մինչև 2020 թվականի արտադրության, չհանդիսանա պետական կամ համայնքային սեփականություն, սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցված լինի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Նախարարությունից հայտնում են, որ տվյալ պայմաններից օգտվելու համար ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։