Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից։
«Տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության կանոնադրության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- գրել է Կոստանյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) տնօրենների խորհրդից Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել։