ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ կառավարության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոնի մասնակցությամբ Լոնդոնում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ դեսպանատան բացմամբ հիմք է դրվում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
«Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին»,- նշել է նա։