«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թեկնածուները չորսն են, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին։
Թերթը նշել է, որ Հախվերդյանի վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»:
ՀՌՀ-ն այս պահին ունի 4 անդամ, չնայած օրենքը հանձնաժողովին մինչև 7 անդամ ունենալու հնարավորություն է ընձեռել։ Ամենայն հավանականությամբ, նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում: