ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, իսկ Լարսը շարունակում է մնալ փակ։
«Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերի 20-ին հայտնել էինք, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում եղանակային վատ պայմանների պատճառով մեծ խցանում է գոյացել։
Նոյեմբերի 7-ին ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կկրճատվի Լարսի անցակետով տարանցումը և խորհուրդ տվեց վարորդներին օգտվել Ադրբեջանի տարածքով այլընտրանքային ուղիներից։