Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
«Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել և զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում: