Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Մարագոսը, սակայն, չի հստակեցրել՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։Նա ավելացրել է, որ ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
Եվրամիությունից հայտնել էին, որ ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։
Նոյեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հաստատել էր ԵՄ շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում։