Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ մինչև տարեվերջ հանդիպումը քիչ հավանական է:
Անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Երևանի ու Բաքվի կողմից հաստատված աշխատակարգերին՝ Գրիգորյանն ասել է, որ այն նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովներն աշխատանքային հանդիպումներ ու համատեղ նիստեր կազմակերպելու:
«Մեր աշխատանքի տրամաբանությունը հետևյալն է, որ տեղի են ունենում հանձնաժողովների հանդիպումներ: Եվ ճիշտ համարեցինք կանոնակարգել այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես, թե երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ինչպես ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում վերջիվերջո և այլն»,- նշել է փոխվարչապետը՝ հստակեցնելով, որ խոսելու են անգլերենով կամ ռուսերենով, երկուսն էլ հնարավոր են:
Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման, այնուհետև սահմանագծման գործընթացը երկար կտևի, որովհետև բավականին բարդ գործընթաց է, աշխատանքը կարող է տարիներ տևել: Բացի այդ, վերահաստատել է, որ որպես մեկնարկային քարտեզ ընդունում են 1975-1990 թթ. ամենաթարմ քարտեզները:
«Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ պրոֆեսիոնալ քարտեզներով, նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն: Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերից ամեն մեկն իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն կամ որևէ կարգավորում ունեն, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում: Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- ընդգծել է Գրիգորյանը:
Խոսելով հանդիպման ժամանակացույցի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ ժամկետներ չկան, թե ինչ հաճախականությամբ են լինելու երկու հանձնաժողովների հանդիպումները, քանի որ մինչև հաջորդ հանդիպում աշխատանքները տարբեր են լինելու:
«Օրինակ՝ այս անգամ հանձնաժողովները քննարկել են աշխատակարգը, հաջորդ հանդիպմանը կքննարկեն կանոնակարգը, ինչը շատ ավելի բարդ նախագիծ է լինելու: Այն ներքին շրջանառության իմաստով էլ ավելի շատ ժամանակ կպահանջի: Եվ կախված նրանից, թե հանդիպման ժամանակ պայմանավորվածությունն ինչ բովանդակություն կունենա, նոր ավելի մոտավոր կարելի է պատկերացնել՝ երբ կլինի հաջորդ հանդիպումը: Ստանդարտ ցիկլ կամ ժամանակացույց պահելու իմաստ էլ չունի»,- եզրափակել է պաշտոնյան:
Ադրբեջանի կառավարությունը դեկտեմբերի 14-ին հաստատել էր երկու երկրների սահմանի սահմանազատման վերաբերյալ ադրբեջանական և հայկական հանձնաժողովների աշխատանքի և հանդիպումների կանոնակարգը։ Նույն օրը ՀՀ կառավարությունը հաստատել էր Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Դեկտեմբերի 6-ին նա հայտարարել էր Երևանի մտադրության մասին՝ հաստատել սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը, որն ինստիտուցիոնալ կերպով նկարագրելու է դրա աշխատանքի ընթացքը։