Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ծավալների մեծացումը կընդլայնի նրա հնարավորությունները և թույլ կտա ավելացնել պարեկների թիվը, ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ տեղական պարեկություն իրականացնել: Արդյունքում` մենք ավելի լավ կկարողանանք վերահսկել և զեկուցել հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմի անվտանգային իրավիճակի մասին, ինչպես նաև կնպաստենք հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,- մեջբերվում է Ռիտերի խոսքերը ԵՄ կայքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջապահ հենակետերից, և նրա գործունեությունն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը։ «Առաքելության ուժեղացումը թույլ կտա ավելի շատ պարեկություն իրականացնել՝ դրանով իսկ ուժեղացնելով ներկայությունը տեղում և փոխգործակցությունը հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում տեղի բնակչության հետ»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր Հայաստանում իր դիտորդական առաքելության թիվը 138-ից հասցնել 209-ի: Փետրվարի 20-ին Եվրոպական միությունը քաղաքացիական առաքելություն էր տեղակայել Հայաստանում (EUMA)՝ Անվտանգության և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակներում: