Ռուսաստանի փոխգործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չնայած Հայաստանի ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»,- ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ողջունում է Երևանի կենտրոնացումը Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամրապնդման վրա։ Այսպես է նա մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Մոսկվան մտահոգություններ ունի Եվրասիական տնտեսական խորհրդում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։
«Այս երկրի վարչապետը (Նիկոլ Փաշինյանը – խմբ.), ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարեց Երևանի կենտրոնացման մասին՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում առաջադրանքների լիարժեք իրականացման վրա։ Մենք աջակցում ենք մեր գործընկերների հենց այս ոգուն հետագա արդյունավետ աշխատանքի համար՝ ուղղված եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նոյեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և կոչ էր արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստան, որտեղ դեկտեմբերի 25-ին մասնակցել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։