Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժող անձին ցուցմունք տալուց հրաժարվելու համար Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել, տեղեկացնում են ՔԿ-ից։
Հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։ Տուժող էր ճանաչվել Գորիս քաղաքի՝ ավտոդողերի վաճառքով զբաղվող 46-ամյա բնակիչը։
«Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ առաջացած պարզաբանումների ընթացքում Տիգրան Խաչատրյանը, իր սեփական անձի առավելություններն ընդգծելով և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելով, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն էր հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատի անդորրը խախտելով՝ իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց էր արձակել 46-ամյա վերոնշյալ տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք»,- հայտնել են ՔԿ-ից։
Տուժողը, սակայն, ըստ ՔԿ-ի, ապօրինի հրաժարվել էր Խաչատրյանի կողմից կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի առնչությամբ իրեն հայտնի հանգամանքների մասին ցուցմունք տալ:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում, վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու համար 46-ամյա անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ցուցմունք տալուց հրաժարվելը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ, առավելագույն պատիժը՝ 2 տարի ազատազրկում) հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։
Նոյեմբերի 13-ին Տիգրան Խաչատրյանին կալանավորել էին։ Նոյեմբերի 9-ին ՔԿ-ից հայտնել էին, որ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանին ձերբակալել են։ 2022-ի հունիսին ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։