Փաշինյանի հարցազրույցի մեջ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ եմ տեսել, լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Արցախի պետական ինստիտուների լուծարման անխուսափելիության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին:
«Բայց պետք է հստակ ընդգծեմ մի հանգամանք՝ Հայաստանի կառավարիչն ընդգծեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար, երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին: Նրա համար ԼՂ-ի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ես չհասկացա, թե որ մահակների մասին է խոսում կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր հինգ անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ, ո՞ր երկրի մասին, ո՞ւմ մասին է խոսում: Միգուցե այն երկրի՞, որը մեզ միլիարդներով անվճար և զեղչված գներով սպառազինություն է մատակարարել, ինչն ամբողջությամբ ինքը հանձնել է Ադրբեջանին»,- շեշտել է Սարգսյանը:
Անդրադառնալով դեռևս 2016թ. Արցախի Հանրապետության լուծարման մասին Փաշինյանի հայտարարությանը՝ նախկին նախագահը հավաստիացրել է, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում:
«Ինքը ստում է, պայծառատես չի, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին: Մենք ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը: Թող ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել: Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց Արցախի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ: Թող ասի, որ այդպիսի բան չի եղել: Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք եղած փաստաթղթերով»,- հավելել է նա:
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին՝ բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում։