Պետությունը պատրաստ է աջակցել միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ առաջարկելով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում, եթե նրանք նման ցանկություն ունենան, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է իրենց տվյալներն ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով, թե ինչ կրթություն ունեն և որ ուղղություններով են ցանկանում շարունակել բարձրագույն կրթությունը: Տվյալների հավաքագրումից և ամբողջացումից հետո կպատրաստվի Կառավարության որոշման նախագիծ՝ տվյալ մասնագետների ուսման վարձի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանը նաև առաջարկել է ուսուցիչներին կարճաժամկետ հեռանկարում դիտարկել ուսումնական հաստատություններում այն հաստիքները զբաղեցնելու հնարավորությունը, որոնց դեպքում բարձրագույն կրթության պահանջ սահմանված չէ: Խոսքը, մասնավորապես, գրադարանավարի, լաբորանտի, օպերատորի, նախակրթարանի դաստիարակի հաստիքների մասին է:
Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա էին անում այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, պարտադիր ատեստավորման շեմը չեն հաղթահարել և 2023թ․ դեկտեմբերից ազատվել են աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ ուսուցիչներին նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ շանս տան ատեստավորում անցնելու համար։