Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են 2023թ. կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման աշխատանքներն՝ ուղղված բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովմանը, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները:
Ներկայացվել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չտիրապետելով մասնագիտական նրբություններին՝ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:
«Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:
Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է. «Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու»։
Ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, ինչպես նաև Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները: