Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության։ Հայաստանն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը խոսել է նաև այն մասին, որ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում և ընդգծել է սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը։
«Ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում՝ այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից ՀՀ ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է ՀՀ հողային հաշվեկշռով: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
«Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան»,- ասել է նա:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Զեկուցվել է, որ նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%: Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է: Առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով:
Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա:
Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի Խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը։