Փոխում են հայ ժողովրդի ամբողջ պատմությունը և հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն, Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ավարտից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԿԳՄՍՆ նախագիծը, ըստ որի գերատեսչությունն առաջարկում է փոխել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվանմամբ:
«Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել ոչ միայն Սահմանադրությունը, այլև հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում»,- նշել է Աշոտյանը:
Նրա խոսքով՝ պետք է կանխել այդ պրոցեսը, որպեսզի «Փաշինյանը չկարողանա փոխել մեր անցյալը, արժեքները, մշակույթը, պատմությունը»:
«Նա դա անում է, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը: Փաշինյանը փոխում է անցյալը, որպեսզի իշխանության մնա նաև ապագայում»,- ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։
2022 թվականի նոյեմբերի 16-ին Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։ Մեղադրանքը հարուցվել էր Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործի շրջանակներում։23:06