ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը չի վերաբերում Երևանին, այն Մոսկվայի և Բաքվի հարցն է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այնտեղ (Ղարաբաղում) իսկապես խաղաղապահներ են մնացել, անգամ այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ճանաչել են ադրբեջանական տարածք։ Բայց հարցն արդեն չի վերաբերում հայկական կողմին, այն Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարցն է», ընդգծել է նա։
Ինչպես գրում է Ռիա Նովոստին, Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան և Բաքուն համակարծիք են՝ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում։
«Նախագահները քննարկել են այդ թեման, պայմանավորվել են, որ խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձի համար, ովքեր ցանկանում են դա անել»,- ասել է Լավրովը։
Հունվարի 12-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «փաստերի կեղծում» էր անվանել խաղաղապահների պարտականությունները չկատարելու մասին Երևանի պնդումները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։