Հեռուստաընկերությունների որակն ավելի շատ ինքնակարգավորման վրա պետք է լինի։ Մենք այդ հարցերը քննարկում ենք հեռուստաընկերությունների հետ, բայց առանց պետության աջակցության՝ որակյալ բովանդակությունը շատ դժվար է, ասուլիսի ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ մեկնաբանելով Armenia Today-ի հարցն այն մասին, թե ի՞նչ է անում հանձնաժողովը վարչության հետ համատեղ՝ հեռարձակվող բովանդակության որակը բարելավելու և դրանում ավելի շատ կրթական բաղադրիչներ ավելացնելու համար։
«Օրինակ՝ դասական համերգները կամ մանկական հաղորդումները Հանրայինը չէր ստեղծի, եթե պետական ֆինանսավորում չլիներ, որովհետև, ցավոք, դա ամբողջ աշխարհում է այդպես, որ ոչ որակյալ բովանդակությունը միշտ ավելի մեծ տարածում ունի, քան որակյալը»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ խմբագրական որակի, բովանդակության մեջ որևէ գործադիր իշխանության մատ չպետք է խառնվի և դրան իրենք հստակ հետևում են։ ԲՏԱ նախարարությունը, ըստ Հակոբյանի, պատասխանատու է միայն տեխնիկական որակի համար։
«Մենք ԲՏԱ նախարարության հետ աշխատում ենք, փորձում ենք նաև իրենց սխալները ցույց տալ, որովհետև գտնում ենք, որ հանրային մուլտիպլեքսի ծառայությունները վերջնական չեն»,- հավելեց Հակոբյանը։