ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով իրավապահները ձերբակալել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կնոջը՝ Անի Գևորգյանին, գրել է «Հրապարակ»-ը։ Գործի շրջանակում ՔԿ-ն հայտնել էր յոթ անձի ձերբակալման մասին, այդ թվում՝ նախարարության պաշտոնատար աշխատակցի։
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ձերբակալության պատճառը եղել է Գևորգյանի՝ որպես «Սիներջի» ընկերության աշխատակցուհու մասնակցությունն Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթներից մեկին։
«Նա երկար տարիներ աշխատել է այթի ամենահայտնի կազմակերպություններից մեկում`«Սիներջի»-ում, ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել էր, և «Սիներջի»-ն, բնականաբար, չէր հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը»,- գրում է թերթը։
Ըստ աղբյուրի՝ Գևորգյանին իրավապահները մտադիր են կալանավորել և «ցուցմունք կորզել» այսօր ձերբակալված ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի դեմ:
Էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հունվարի 31-ին ԱԱԾ-ն իրականացրել է քննչական գործողություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին աշխատանքից ազատել էր Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին։
Հունվարի 31-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «պատահականություն» էր անվանել Հայաստանի ԱԱԾ ստուգումների համընկնումը վարչության պետի տեղակալ Անի Իսպիրյանի պաշտոնանկության հետ։