ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ վարչապետն արդեն մեկնել է Ղազախստան։
ԵԱՏՄ պաշտոնական էջի համաձայն՝ նիստի օրակարգը ներառում է ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկում, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիր և երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցություն:
Բացի այդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական իրավիճակը և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկները։
Նախատեսվում է քննարկել գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի արագացված երկաթուղային և մուլտմոդալ փոխադրումների իրականացման ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ նախագծի իրականացման ընթացքը «Եվրասիական Ագրոէքսպրես», ինչպես նաև առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում փոփոխություններ կատարելու հարցը Եվրասիական տնտեսական միության պետությունների տրանսպորտի ոլորտում։
Այս տարվա հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունն ստանձնել է Հայաստանը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։