Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու, լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար»,- ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ թեև որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի հետ չի եղել, սակայն ՀՀ-ն շարժվում է այն ուղղությամբ, ուր առավելագույնս անվտանգություն կապահովվի։
Սիմոնյանը նաև ասել է, որ երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց օրակարգում չկա։
«ՀՀ-ն շարժվում է այն ուղղությամբ, ուր առավելագույնս անվտանգություն կապահովվի, իսկ ժողովրդավար լինելը ՀՀ անվտանգային ամենամեծ համակարգն է»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն ստիպված են եղել ՀԱՊԿ-ին անվտանգային այլընտրանք գտնել և օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները, նաև փորձ արել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձևով «վերակենդանացնել»։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ որևէ մեկը ռազմաբազայի մասին չի խոսել, բայց դաշնակցային անվտանգային համակարգը չի գործում, և դա ցույց են տվել 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները։
«Մենք պաշտպանության կարիք ունեինք՝ թե՛ ԼՂ-ի մասին եմ խոսում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավել դրվագներով պարզ դարձավ, որ չեն օգնում։ Ու չեն էլ ասում, որ չեն օգնի, գոնե ասեն»,- պարզաբանել է խորհրդարանի ղեկավարը:
Նա ՌԴ-ին մեղադրել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի դեմ համատեղ գործընթաց իրականացնելու մեջ։ «Վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմն սկսվել է ԼՂ-ի պատերազմով»,- ասել է նա։