Հայաստանից Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումներն ավելի քան մեկ ամիս է՝ տեղ չեն հասնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, որը քաղաքացիներից ուշացումների մասին բողոքներ է ստացել։
Ըստ ԶԼՄ-ի՝ խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն ուշացման պատճառների և առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ որևէ բացատրություն չեն ստացել։ Թերթի զանգերն Ozon-ի գրասենյակ ևս անպատասխան են մնացել։
Աջափնյակի սպասարկման կետերում թերթին հայտնել են, որ, ըստ խոսակցությունների, բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, բայց մուտքի որոշակի խոչընդոտներ կան։
2023-ի հուլիսին Armenia Today-ին ընկերությունից հայտնել էին Հայաստանում գործունեություն սկսելու մեկնարկի մասին։ Ozon-ն ԱՊՀ երկրներում է 2021 թվականից, ընկերությունն ունի իր սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը նաև Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: