Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ կայքի՝ հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Ազատությունն» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորություն:
«Մենք Եվրամիության հետ ունենք խորացող օրակարգ, մի շարք տարաբնույթ հարցեր կարող ենք քննարկել։ Որևէ հարց չեմ կարող բացառել»,- Խանդանյանի պատասխանն է մեջբերում սկզբնաղբյուրը։
ՔՊ-ի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ «քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր»:
Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու: