Ֆրանսիայից ռազմաքաղաքական օգնություն ստանալուն կողմ է արտահայտվել ՀՀ քաղաքացիների 46 %-ը, ինչը 10 տոկոսով ավելին է անցած ամսվա տվյալներից: Այս մասին է վկայում փետրվարի 26-28-ը Հայաստանում MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված 1 100 մասնակցիների հարցումը։
Ֆրանսիայից ռազմաքաղաքական օգնություն ստանալուն 2024 թվականի հունվարին կողմ էր արտահայտվել 36,2%-ը, 2023-ի հունվարին՝ 34,2%-ը։
Ռուսաստանից օգնություն ստանալուն կողմ է 21,9%-ը (2024-ի հունվար՝ 20,3%, 2023-ի հունվար՝ 30,0%), Իրանից՝ 15,9% (2024-ի հունվար՝ 12,5%, 2023-ի հունվար՝ 40,1%), ԱՄՆ-ից՝ 13,7% (2024-ի հունվար՝ 22,0%, 2023-ի հունվար՝ 27,8%), Հնդկաստանից՝ 23,2% (2024-ի հունվար՝ 24,2%, 2023-ի հունվար՝ 25,6%), Չինաստանից՝ 4,9 % (2024-ի հունվար՝ 2,2%, 2023-ի հունվար՝ 5,1%), այլ երկրներից՝ 8,5% (2024-ի հունվար՝ 7,5%, 2023-ի հունվար՝ 12,2%):
ՀՀ քաղաքացիների 82%-ից ավելին դրական է գնահատել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ 56,2%-ն այն գնահատել է լիովին դրական, 25,9%-ը գնահատել է ավելի շուտ դրական, 4,7%-ը՝ ավելի շուտ բացասական, 9,6%-ը՝ ընդհանրապես բացասական, 3,5%-ը դժվարացել է կարծիք հայտնել։
ՀՀ քաղաքացիների 55,1%-ը մոտ ապագայում պատերազմի վտանգ է տեսնում։ 25,5%-ը կարծում է, որ ավելի շուտ կլինի պատերազմ, քան ոչ, 9,8%-ը մտածում է, որ պատերազմ ավելի շուտ չի լինի, քան կլինի, 7,2%-ը համոզված է, որ պատերազմ չի լինի, 2,4%-ը դժվարացել է պատասխանել։
Փետրվարի 22-ին Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն ստորագրել էին մի շարք պայմանագրեր։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր Երևանին «Միստրալ» հրթիռներ մատակարերելու շուրջ Հայաստանի հետ բանակցությունների մասին։ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։