Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին, որն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Աթենք կատարած այցի և Հունաստանի իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ։
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Նշվում է, որ նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում: Համաձայնագրի վավերացմամբ կողմերն ընդունում և ամրապնդում են համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և տնտեսական ոլորտներում:
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո պայմանավորվածություն էին ձեռք բերել նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ Նույն օրը Դենդիասը հայտարարել էր ՀՀ-ի, Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության մասին։ Փաշինյանի հետ հանդիպմանը Դենդիասը վերահաստատել էր իր երկրի պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին այնքան, որքան կարող են։
2023-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ-ում կողմերն ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։ Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Կիպրոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։
Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում
Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է...