Երևանի ավագանին մարտի 12-ի նիստում ընդունել է նախագիծ, որով սեպտեմբերի 1-ից Երևանի տրանսպորտի համար նոր սակագներ են գործելու։ Նախագիծն ընդունվել է 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի կայքում հրապարակելու են հաշվիչ, որը թույլ կտա ֆինանսական տեսանկյունից պլանավորել հանրային տրանսպորտից օգտվելը:
«Ես Ձեզ վստահեցնում եմ՝ այն ահասարսուռ թանկացումները, որի մասին նախկինում և այսօր բարձրաձայնվում են, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում, խնդրում և հորդորում եմ ինքներդ ծանոթացեք նախագծին»,- նշել է նա:
«Մայր Հայաստան» խմբակցությունը նախագծի քննարկման ժամանակ ակցիա է իրականացրել՝ պարզելով «Ոչ թանկացմանը», «100» «Ո՛չ 300 դրամին» պաստառներ:
«Ասում էիք՝ քաղաքացին թալանի մատերիալ չէ, բա սա թալան չէ՞, տրանսպորտի գինը մինչև երեք անգամ թանկացնելը թալան չէ՞»,- իր խոսքում նշել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Մարտի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ էր հաղորդել միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծի մասին: Նա հայտնել էր, որ նախագծով նախատեսվում է 30 օրվա համար վճարել 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 23 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 88 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Մանրամասները՝ տեսանյութում: