Հայ կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ Սանկտ Պետերբուրգում կանցկացվի «Փարաջանովի կողքին» խորագրով ցուցահանդես, տեղեկացնում է «Культура.РФ»-ն։
«Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի դիմանկարները, նկարահանումների աշխատանքային պահերը, ֆիլմերի նկարները։ Նախագիծը ներառում է իրեր РОСФОТО հավաքածուներից, Կինոյի թանգարանից (Մոսկվա), Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Երևան), լուսանկարիչ Յուրի Մեչիտովի արխիվից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսում կցուցադրվի Յուրի Մեչիտովի «Սերգեյ Փարաջանով. երկխոսության քրոնիկոն» ֆիլմը, որը պատմում է ռեժիսորի կյանքի մասին՝ Թբիլիսիի Կոտե Մեսխիի փողոցում գտնվող լեգենդար բնակարանում: Սանկտ Պետերբուրգում կցուցադրվի նաև Ելենա Կարուսարի լուսանկարների շարքը, որը պատմում է Փարաջանովի վերջին՝ «Աշուղ ղարիբը» ստեղծագործության մասին:
Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին՝ Թբիլիսիում, մահացել է 1990 թվականի հուլիսի 20-ին՝ Երևանում: 2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակները։ Երևանում հունվարի 9-ին բացվել էր կինոռեժիսորի հուշարձանը։ Փարաջանովի 100-ամյակը նշվել է նաև Թբիլիսիում: Փարաջանովի կյանքն ու ստեղծագործական տեսլականը նկարագրող մեջբերումները՝ մեր ընտրանու մեջ։