ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, հայտնում է նախագահի գրասենյակը։
Սարգսյանը Պուտինին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
ՌԴ նախագահին շնորհավորել է նաև ՀՀ երկրորդ նախաֆագ Ռոբերտ Քոչարյանը։ News.am-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը դեռ երեկ է շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Վլադիմիր Պուտինին այսօր շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահական ընտրություններում մարտի 15-17-ը Հայաստանում գործել է ռուսաստանցիների համար նախատեսված հինգ ընտրատեղամաս։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել էր, որ մարտի 11-13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել արտահերթ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ: Armenia Today-ը մարտի 17-ին հայտնել էր ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկել ցանկացողների երկար հերթերի և այն մասին, որ քվեարկությանը մասնակցելու համար Երևան են ժամանել ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանից և Հայաստանի մարզերից:
ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ Պուտինը հաղթել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 87,34%-ը։ Սա կլինի նրա պաշտոնավարման հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22%։ Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։