ՀՀ կառավարությունն առանց պայմանների փոփոխության բռնի տեղահանվածների 40+10 հազար աջակցությունը կշարունակի մինչև 2024 թվականի վերջը, հայտնում է «Արմենպրես»ը՝ հղում անելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին։
Մարտի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ կառավարության առաջիկա նիստերին կքննարկվի արցախցիներին տրամադրվող աջակցության նոր ծրագիրը։ Նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ գումարների չափերի փոփոխություն նախատեսվում է, նոր ծրագրի մոտեցումը հիմնված կլինի ընտանիքի կազմի վրա, պետությունն օգնությունը կտրամադրի ըստ խոցելիության խմբերի։
«Դրամական աջակցությունը շարունակելու որոշումը կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Այս մասին վարչապետն արդեն իսկ հայտարարել էր օրեր առաջ։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024թ. դեկտեմբերի վերջ»,- հայտնել է Ժամակոչյանը։
Նա ավելացրել է, որ կառավարությունն աջակցությունը կշարունակի նաև 2025թ.՝ պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա։
Փոխնախարարի խոսքով՝ նոր նախագծով հստակեցվել է բնակարանի գնման կամ կառուցման նպատակով տրամադրվելիք աջակցության չափը: Օժանդակության չափը մեկ անձի հաշվով կկազմի 3-5 մլն դրամ: Ընդ որում՝ 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կունենան առաջնահերթություն։
Ծրագիրը փուլային ընթացք կունենա, կտևի 3-5 տարի, սակայն կառանձնացվեն առաջնահերթություններ ունեցող ընտանիքները, որոնց համար ծրագիրը կմեկնարկի այս տարվանից։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։
Նախաձեռնությանը դեմ արցախցիները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ԱՍՀ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին գոնե 4 միլիոն դրամ տալ ամեն շնչին, դեմ էին ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանին։
Փետրվարի 28-ին աջակցության ծրագրերի կապակցությամբ բողոք էր արտահայտել նաև Արցախի Ազգային ժողովը։