Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մերձմոսկովյան «Crocus City Hall» համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
«Մենք ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սարսափելի լուրից, որը խստորեն դատապարտում ենք։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված անմեղ մարդկանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Տուժածների մեջ հայերի առկայության կամ բացակայության վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։