Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը: Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ»,- ասվում է հեռագրում:
Փաշինյանը խորին ցավակցություն է հայտնել Պուտինին։ «Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»,- հայտարարել է վարչապետը։
ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և նշել, որ դրան որևէ արդարացում չի կարող լինել: «Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշվում է Սիմոնյանի հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն ևս դատապարտել էր Մերձմոսկովյան համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
«Տուժածների մեջ հայերի առկայության կամ բացակայության վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- Armenia Today-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։