Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է մարտի 22-ին Կրասնոգորսկի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Հայաստանի մեկ քաղաքացու մահվան մասին՝ չհստակեցնելով մահացածի տվյալները։
«Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում կա ՀՀ մեկ քաղաքացի»,- հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
ՌԴ ԱԻՆ թարմացված ցուցակում ահաբեկչության 68 զոհերի թվում է հայուհի Լիլիթ Խալիթի Իսրայելյանը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես հայտարարել է, որ ցուցակը կհամալրվի, քանի որ դատաբժշկական փորձագետները ճշտում են մահացածների ինքնությունը։
Ավելի վաղ Լիլիթ Իսրայելյանի հարազատները հաստատել էին նրա մահվան մասին լուրերը, Լիլիթը համարվում էր անհետ կորած։
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։