ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանն առաջիկա շաբաթներին, հնարավոր է, վայր դնի պատգամավորական մանդատը գործող իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության հետ մեկ տարի առաջ ստեղծված անհամաձայնությունների պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ Արսենյանն իր շրջապատում չի թաքցրել, որ դեմ է գույքահարկի թանկացմանն ու այլ «բարեփոխումներին», սակայն ՌԴ-ում ՀՀ դեսպան դառնալու գործընթացն առկախել է նրա հրաժարականը։
«Երեկ կրեմլյան շրջանակներին հարող բլոգերները տարածում էին, որ ՌԴ-ն արգելել է մի շարք իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, որոնց թվում նաև Արսենյանի անունն է»,- նշել է թերթը։
2023 թվականի օգոստոսի 3-ին մամուլը գրել էր, որ հայկական կողմը պատրաստվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Հոկտեմբերի 24-ին Արսենյանը հերքել էր իր ագրեմանի հաստատումը մերժելու լուրերը։
Գործող դեսպան Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին, մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։