Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 000 մարդ արտագաղթել է Հայաստանից, հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ արցախցիների իրավունքների, ՀՀ անվտանգության հարցերով իրավապաշտպանների համաժողովին։
«Կան այլ գնահատականներ ևս, որտեղ թիվը հասնում է 15 000-ի։ Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը ՀՀ-ում, դրա համար նախընտրում են տեղափոխվել օրինակ՝ Ռուսաստանի հարավային հատվածներ, որտեղ շատ ավելի էժան է կազմակերպել կյանքը, քան ՀՀ-ում»,- ասել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ Հայաստանում աշխատանքի տեղավորված արցախցիների թիվը պաշտոնապես 10 800 է և հավելել, որ 4000 արցախցի ուսուցչից 220-ն է աշխատանքի անցել Հայաստանում։
«Ամենացավալին այն է, որ այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում հատկապես կրթության բնագավառի ներկայացուցիչները։ Ընդամենը 220 ուսուցիչ է, որ Հայաստանի կրթական հաստատություններում է այսօր աշխատում, Արցախում 4000 ուսուցիչ ենք ունեցել»,- հայտնել է Ստեփանյանը։
Դա, Ստեփանյանի խոսքով, նշանակում է, որ որակավորում ունեցող մասնագետները չեն կարողանում գտնել Հայաստանում իրենց համապատասխան աշխատանք։
Այս համատեքստում արցախցի պաշտոնյան առաջարկել է կազմակերպել դոնոր-կոնֆերանս՝ ներքին տեղահանվածների սոցիալական խնդիրները հոգալու համար։
Ստեփանյանը ներկայացրել է նաև ՄԻՊ գրասենյակի փաստահավաք աշխատանքի արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանով հայկական կողմը տվել է 223 զոհ, որից 21-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 6 երեխա, անհետ կորել է 21 արցախցի։
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 238 մարդ, ևս 20 մարդու ճակատագիրն անհայտ է, նշել է Ստեփանյանը։
Նա տեղեկացրել է, որ Արցախում ներկայումս բնակվում է 20 հայ։ Ըստ առկա տվյալների՝ նրանց իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը, ոտնահարվում են, նշել է օմբուդսմենը։
Մարտի 21-ին Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայաստանի իշխանություններին կոչ էր
արել թույլ չտալ արցախցիների արտագաղթը երկրից` մինչև նրանց վերադարձն Արցախ: Մարտի 6-ին նա
քննադատել էր արցախցիների սոցիալական աջակցության և բնակարանով ապահովելու ծրագիրը և ասել, որ դա կբերի զանգվածային արտագաղթի։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ
հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով
զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, գերեվարվել էր 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր
ժամանել ՀՀ։