Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ է բացել, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Բաքուն կրակ է բացել հետևյալ ժամանակահատվածներում և վայրերում․ ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում՝ Գեղադրքունիքի մարզի Սոթքի, 23:15-ին՝ Վերին Շորժայի, 00:15-ին՝ Կութի, 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Սյունիքի մարզի Արավուսի, 23:05-23:20-ը՝ Տավուշի մարզի Չինարիի, 00:15-01:20-ը՝ Տավուշի մարզի Մովսեսի հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:
ՊՆ-ն հայտնել է նաև, որ Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողություններն ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար»,- հայտնել է գերատեսչությունը:
Նշվում է, որ զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Ադրբեջանը նախօրեին կեղծ տեղեկություններ էր տարածել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: Գերատեսչությունն ընդգծել է, որ Բաքվից ստացվող ապատեղեկատվության մի մասն արտացոլված է նաև հայկական լրատվամիջոցներում։
«ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին»,- հորդորել է ՊՆ-ն։