ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ, հայտարարել է ՀՀ ՄԻՊ գրասենյակը:
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:
Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
ՀՀ ՆԳՆ հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանագոտու ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ փոփոխական ինտենսիվությամբ և անկանոն կրակ էր բացել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից։ ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները։