Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից իջեցրել է 2,25-ի։ Սա ազդել է Հայաստանում ժողովրդավարության վարկանիշի վրա, որը 3,11-ից իջել է 3,07-ի, ասվում է «Nations in Transit 2024» տարեկան զեկույցում։
«Ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5-ից իջել է 2,25-ի` պայմանավորված գործադիր իշխանության ուժեղացման, կենտրոնական իշխանության կողմից իր լիազորությունները չարաշահելու, ընդդիմադիր քաղաքապետերին իմփիչմենթ անելու վաղեմի տենդենցի և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով»,- ասվում է զեկույցում։
Freedom House-ը նշել է, որ Հայաստանի ներքին քաղաքականությունը նախորդ երկու տարվա համեմատ 2023-ին ավելի կայուն էր: Նախորդ տարիներին արձանագրել էին սահմանադրական ճգնաժամ, հեղաշրջման փորձ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ընդդիմության երկարատև բողոքի ցույցեր։ 2023 թվականին քաղաքական գործունեությունը կենտրոնացած էր հիմնականում երկրի Ազգային ժողովում։
Կազմակերպությունը նաև մատնանշել է իշխող կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության պակասը:
«Հետաքննությունները պարզել են, որ «Քաղաքացիական պայմանագրի» նվիրատուների ցուցակում ընդգրկվածների զգալի մասը տեղյակ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվությունների մասին, շատ դեպքերում նվիրատվության գումարները գերազանցել են այդ անձանց եկամուտները, և ենթադրվում է, որ անհատական փոխանցումները կատարվել են համակարգված ձևով»,- պարզաբանել է Freedom House-ը։
2023 թվականի մայիսին Հայաստանում ժողովրդավարության մակարդակը մեկ տարվա ընթացքում 3,04 միավորից բարձրացել էր մինչև 3,11 միավորի՝ 7 հնարավորից։ Մարտին Freedom House-ն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» վարկանիշում Հայաստանը ներառել էր մասամբ ազատ երկրների շարքում։