Իրավապահներն ապրիլի 12-ին տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարի գործով ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց են բարձրացրել, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Քննչական կոմիտեն պաշտոնյաների կալանավորի, քանի որ վթարը 4 զինվորի կյանք է խլել, նրանցից ոչ ոք սաղավարտ չի կրել:
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 4 զոհի և 20 վիրավորի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։ Քննչական կոմիտեն վթարի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաձեռնել էր քրեական վարույթ։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ապրիլի 16-ին Armenia Today-ին հայտնել էր, որ վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակի մեջ դրական տեղաշարժ կա։