ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և Տավուշի մարզի ղեկավար Հայկ Ղալումյանը բանակցություններ են վարել Կիրանց գյուղի բնակիչների հետ, որոնք փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը։
Ղազարյանը նշել է, որ բնակիչներին մտահոգող բոլոր խնդիրները մարզպետը ներկայացրել է: Նա վստահեցրել է, որ ժողովրդից թաքուն ոչինչ չի արվելու: «Մարդիկ պիտի ներկա լինեն սահմանազատման աշխատանքներին: Ձեր մեջքի հետևում ոչ մի բան չի լինելու»,- ասել է նախարարը:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հակադարձել է, որ սահմանազատման հարցը պետական նշանակության խնդիր է և ոչ թե տվյալ գյուղի:
Ճանապարհը փակած բնակիչներից մեկը նշել է, որ կադաստրով սեփականության իրավունքն իրենն է, բայց GPS-ով Ադրբեջանի կողմում է ցույց տալիս: Քաղաքացին չգիտի՝ հիմա ո՞ւմ է դա պատկանում:
Ղալումյանը հայտնել է, որ եթե իրավական հիմքեր կան, սեփականության իրավունքը չի կարող վիճարկվել: «Սահմանազատման գործընթացն այդ թղթերի հիման վրա է արվում: Այսօր իմացանք, որ սեփականության վկայական ունեք»,- ասել է նա:
Մեկ այլ բնակիչ նշել է, որ սահմանները զինվորի արյամբ են գծվել: «Ի՞նչն ենք հետ տալիս, կիրանցիներից վրե՞ժ եք լուծում, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ»,- ասել է նա:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսել է գյուղերի հանձնման վտանգների մասին: «Ադրբեջանցին եթե հայտնվեց նախատեսված տեղերում, այս գյուղը լինելու է անկենսունակ: Որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո ադրբեջանցին իրեն հանգիստ է պահելու»,- շեշտել է պատգամավորը:
Ապրիլի 19-ի երեկոյան Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի նշան սահմանազատման պայմանավորվածությունների դեմ բողոքի:
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի էր ունեցել պետական սահմանի Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որտեղ անդրադարձ էր կատարվել ՀՀ 4 գյուղի:
Գերատեսչությունը նշել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (Հայաստան)-Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմը որոշ մանրամասնել էր հայտնել սահմանազատման գործընթացից: