Ոստիկանությունը Տավուշում բերման է ենթարկել «Մարտական եղբայրություն» միաբանության հինգ անդամի, հայտնում է միաբանությունը։
Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Ավելի վաղ միաբանությունը հայտնել էր Տավուշի մարզում բողոքի ցույցերին իր ներկայացուցիչների մասնակցության մասին։
Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն սկսելու Հայաստանի իշխանությունների որոշումից և ՀՀ վարչապետի գրասենյակի հայտարարություններից հետո, որ այս գործընթացի արդյունքում «ադրբեջանական սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին», Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել։
Ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։
Ապրիլի 21-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ բողոքող բնակիչները Տավուշի մարզում ճանապարհներ են փակել։ Իջևանի ճանապարհին բախում էր սկսվել։
Ապրիլի 21-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները կրկին փակել են գյուղի հարակից ճանապարհը՝ չթողնելով, որ Տավուշից հայկական զորքերի hետքաշման համար ականազերծման աշխատանքներ իրականացվեն։