Ապրիլի 26-ին Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում շարունակվում են Տավուշում սահմանազատման դեմ պայքարող հայրենակիցներին աջակցություն հայտնելու անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամանակավոր կամ անժամկետ փակվում են փողոցներ։ Երևանի փողոցներում քաղաքացիները «հողատու՛», «դավաճա՛ն» գրություններով պաստառներ են փակցրել։
«Ազգային ճակատ» հասարակական կազմակերպությունից առավոտյան 9։30-ի սահմաններում հայտնել էին, որ քաղաքացիները բեռնատարով փակել են Ազատության պողոտան, Դավթաշենում քաղաքացիները ճանապարհ են փակել։
Կազմակերպությունից հայտնել էին, որ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցրել են բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան։
Ավելի ուշ քաղաքացիներնը փակել էին Շիրակի և Արտաշիսյան փողոցները, նաև Երևան-Էջմիածին ճանապարհը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Ժամը 14։00-ի դրությամբ քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում և շարունակվում են ապրիլի 26-ին։ Ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 20 սահմանային սյուն է տեղադրվել։